Posted in Բնագիտություն

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝    Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը  Մարիանյանն է՝ 11022 մ, որը  գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը  չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները  չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *