Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
Երկրագնդի որոշ տեղամասերում կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամբողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վերածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:
Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:
Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայրցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:
Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում, իջնում առանձին սառցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը շարժվելիս կատարում է քայքայիչ աշխատանք: