Posted in Հայերենագիտություն

Արշակունիների արքայատոհմը

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։

Արշակունիների դրոշը

Տրդատ Առաջին

Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր։ Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ վերադարձավ Հայաստան։ Այսպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր:

Տրդատ I 52-88 թթ.

Տրդատի ուղևորությունը Հռոմ։Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։
Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին՝ որսերը։ Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։ Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրա` քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը…
Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը` նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում։ Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։

Ներոն կայսեր

Տրդատ III Մեծ

Տրդատ III Մեծը 298–330թթ.

Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը (298–330թթ.): Արշակունյաց արքայազն Տրդատը ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց` որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.`նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։
Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։
Արշակունիների արքայատոհմը կառավարել է 66-428թթ։
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
Վաղարշապատ, Դվին, Խոսրովի անտառ։
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։
Տրդատ III Մեծը դաստիարակվեց Հռոմում։
5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։
Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։

6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։
Տրդատ III Մեծի որդին՝ Խոսրով Կոտակը։ Նաև հիմնադրել է Դվինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *