Posted in Բնագիտություն

Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  1. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։
  1. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Կենդանի օրիգանիզմներ  թագավորությթւններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  1. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:
  1. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *