Posted in Բնագիտություն

Արտածին ուժեր

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:

Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս՝ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի՝ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև՝ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարման օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը՝ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարում:
Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Հարցեր

1.Որո՞նք են Երկրի մակերևույթը ձևավորող ներքին ուժերը:

2.Ի՞նչ է հողմահարումը: Հողմահարման ի՞նչ տեսակներ կան:Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:

3.Երկրի մակերևույթի ձևավորման վրա ազդու՞մ է արդյոք մարդու գործունեությունը:Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *